Պուտինի՝ հին ընկերներից ազատվելու քայլը վկայում է այն մասին, որ նա փորձում է ուժեղացնել իր իշխանությունը. The Guardian
Ռուսաստանը պատրաստվում է վերջին 5 տարվա ընթացքում իր առաջին ընտրություններին, բայց նախագահի ներքին շրջանակներում տեղաշարժերը ցույց են տալիս, որ նա ցանկանում է սանձել ողջ ընդդիմությանը, գրում է The Guardian-ը:
Հաջորդ ամիս Ռուսաստանի Դաշնությունում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, բայց քաղաքական վերլուծաբաններն ավելի շատ ուշադրություն են դարձնում Վլադիմիր Պուտինի ներքին շրջանակում տեղի ունեցած մի շարք հետաքրքիր փոփոխություններին, քան ընտրարշավին: Ընտրությունները դիտարկվում են որպես կանխորոշված երևույթ, որից քիչ բան է կախված, մինչդեռ Կրեմլի ներսում տեղի ունեցող ցնցումները կարող են շատ ավելի կարևոր լինել:
Թերթը գրում է, որ օրերս ՌԴ նախագահի ամենահին դաշնակիցներից մեկը՝ նրա աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, փոխարինվել է իր տեղակալ Անտոն Վայնոյով, ով քիչ քաղաքական ազդեցություն ունի: Իվանովը, ով Պուտինի պես Պետանվտանգության կոմիտեի (ՊԱԿ) գործակալ է եղել, պաշտոնի՝ ստորացուցիչ իջեցում է ստացել՝ դառնալով տրանսպորտի և շրջակա միջավայրի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ:
Իվանովից առաջ արդեն Պուտինի նեղ շրջանակներից հեռացվել էին նրա մի շարք հին ընկերներ:
Վերլուծաբանները տարբեր կարծիքներ ունեն փոփոխությունների պատճառների վերաբերյալ: Որոշները ենթադրություն են հայտնում, որ Սերգեյ Իվանովի նման մարդիկ հեռացվում են՝ չեզոքացնելու համար հին ընկերների շրջանում Պուտինին ընդդիմանալու հավանականությունը: Որոշները դրա հետ համաձայն չեն:
«Այս մարդիկ նրա ամենահավատարիմներն են, նրանք այդքան երկար են մնացել, որովհետև հավատարիմ են եղել»,- ասում է քաղաքական վերլուծաբան Եկատերինա Շուլմանը:
Քաղաքական վերլուծաբան Գլեբ Պավլովսկու խոսքով՝ որոնք էլ լինել պատճառները, Պուտինի զտումների արդյունքը բոլոր նրանց հեռացումն է, ովքեր նրան չափազանց երկար են ճանաչում և կարող են կասկածներ բարձրացնել նրա հետ կապված:










