Թուրքիայից Ռումինիա ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղափոխման մասին հոդվածի հեղինակը խոստացել է ապացույցներ ներկայացնել

12:07 • 19.08.16

Թուրքիայից Ռումինիա ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղափոխման մասին հոդվածի հեղինակ, բուլղարացի լրագրող Գեորգի Գոտևը բնական է անվանել, որ ռումինական իշխանությունները հերքել են այդ տեղեկությունը, և խոստացել է ապացույցներ ներկայացնել հաջորդ հոդվածում, հայտնում է ТАСС-ը:

 

«Ռումինական կառավարության հերքումն ինձ համար անակնկալ չէ,- ասել է նա Romania Libera թերթին, - Դրանք չափազանց գաղտնի թեմաներ են: Կարծում եմ, որ իմ աղբյուրները բավականաչափ հուսալի են նման հրապարակումն արդարացնելու համար»:

 

«Կարծում եմ, որ Բուխարեստի արձագանքից հետո տրամաբանական կլիներ երկրորդ հոդվածը հրապարակել: Դա պարզ է, թեման չի մնա առանց շարունակության»,- խոստացել է նա:

 

Հիշեցնենք, որ Ռումինիայի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է Թուրքիայից երկրի տարածք ամերիկյան միջուկային զենքի հնարավոր տեղափոխման մասին հաղորդագրությունները:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն սկսել է միջուկային զենքերը Թուրքիայից տեղափոխել Ռումինիայում գտնվող «Դևեսելու» բազա: Այդ մասին գրել է EurActiv բրյուսելյան ինտերնետային թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

 

EurActiv-ի աղբյուրի խոսքով՝ զինվորականների անհաջող ապստամբությունից հետո ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններն այնքան են վատթարացել, որ Վաշինգտոնն այլևս չի վստահում Անկարային միջուկային զենքի պահպանությունը: