Թուրքիան ակնկալում է ԵՄ անդամ դառնալ մինչ 2023 թվականը. թուրք պաշտոնյա

14:08 • 19.08.16

Թուրքիան ակնկալում է Եվրամիության անդամ դառնալ առաջիկա 6 տարվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Սելիմ Ենելը Die Welt գերմանական թերթին տված հարցազրույցում:

 

«Թուրքական կառավարությունը հույս ունի անդամակցել ԵՄ-ին մինչ 2023 թվականը»,- հայտարարել է նա:

 

Ենելը հիշեցրել է, որ այդ տարի լրանում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը: Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցությունն իր երկրի համար «դափնեպսակ» կլիներ:

 

Մշտական ներկայացուցիչը, միևնույն ժամանակ, խոստովանել է, որ այժմ անդամակցության համար պայմաններն «այնքան էլ բարենպաստ չեն», բայց հավելել է, որ «դա կարող է արագ փոխվել»:

 

Անկարան ԵՄ-ին անդամակցության հայտ է ներկայացրել 1987-ին։ Բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին։