«Չեմ հիշում նախադեպ, որ որևէ մեկն ընտրվի ու ՔԿՀ-ից ղեկավարի համայնքը». Տիգրան Մուկուչյանը Խանդոյանի առաջադրման մասին

16:30 • 20.08.16

Օգոստոսի 19-ին ավարտվել է ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը: Առաջիկա 5 օրերի ընթացքում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները պետք է ուսումնասիրեն թեկնածուների փաստաթղթերն ու որոշում կայացնեն գրանցելու կամ չգրանցելու վերաբերյալ:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում գյուղապետի թեկնածու է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից Tert.am-ը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է խնդիրներ առաջանան Խանդոյանի գրանցման հետ կապված, քանի որ վերջինս ՊՊԾ-ի գրավման գործով ներգրավված է որպես մեղադրյալ և այժմ գտնվում է կալանքի տակ:

«Ընտրատարածքային հանձնաժողովն է ուսումնասիրում թեկնածուների փաստաթղթերը և կայացնում որոշումներ: Որևէ դատողություն նախապես անհնար է անել»,-ասաց Մուկուչյանը՝ հավելելով . «Այս փուլում թեկնածուներն առաջադրել են իրենց փաստաթղթերը, հիմա սկսվում է գրանցման փուլը: Ընտրատարածքային հանձնաժողովներն ուսումնասիրում են փաստաթղթերը և դրա հիմա վրա արդեն սահմանված ժամկետներում որոշումներ են կայացնում գրանցումների վերաբերյալ:

Գրանցման ավարտից հետո են թեկնածուները, որոնք գրանցվել են, մասնակցում ընտրապայքարին, ում գրանցումը մերժվում է, իրավունք ունի դատական պաշտպանություն իրականացնել»:

Հարցին,ն թե Հատուկ քննչական ծառայությունը որևէ միջնորդություն ներկայացրե՞լ է ՊՊԾ-ի գնդի գրավման գործով անցնող Արայիկ Խանդոյանի համար, քանի որ ՔԿՀ-ն լիազորագիր տալու առթիվ Խանդոյանի փաստաբանին ասել էր, թե լիազորագրի հարցը չի կարող քննարկել, մինչև ՀՔԾ-ն դիրքորոշում չհայտնի: «Դա ոչ մի նշանակություն չունի: ՀՔԾ-ն նման միջնորդություն չի ներկայացրել և ինքը, ըստ էության չպետք է նաև ներկայացնի»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Tert.am–ը Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց նաև, թե ինչպես է Արայիկ Խանդոյանը գյուղը ղեկավարելու ՔԿՀ-ից, եթե ընտրվի գյուղապետ: «Դա արդեն առանձին, Տեղական ինքնակառավարման մասին օրենքով է կարգավորվում»,- այդ առթիվ ասաց Մուկուչյանը:

Ինքը՝ ԿԸՀ նախագահը չի հիշում դեպք, որ որևէ թեկնածու ընտրվի ու ՔԿՀ-ից ղեկավարի համայնքը. «Ես չեմ հիշում նման նախադեպ: Ընտրական իրավահարաբերություններն ավարտվում են ընտրություններով, հետո սկսվում են այլ իրավահարաբերություններ, որոնք ԸՕ-ն չեն կարգավորվում»:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը»: Սա նշանակում է, Ծաղկահովիտի գյուղապետ ընտրվելու դեպքում Խանդոյանը կարող է ղեկավարել համայնքը մինչև իր հետ կապված գործով դատարանի օրինական վճիռը մտնի ուժի մեջ: Իսկ դա կարող է ամիսներ տևել, անգամ տարի: Այդքան ժամանակ Արայիկ Խանդոյանը կարող է լինել Ծաղկահովիտի ընտրված գյուղապետ: