Կիմ Չեն Ընի արժութային հիմնադրամը ղեկավարող պաշտոնյան զգալի գումարով անհետացել է Եվրոպայում. լրատվամիջոցներ
Հյուսիսային Կորեայից պաշտոնյան, ով ղեկավարում է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի արժութային հիմնադրամը, զգալի գումարով անհետացել է Եվրոպայում, հայտնում է «Ռենհափ» հարավկորեական գործակալությունը։
Ինչպես հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների, Հս. Կորեայի իշխող կուսակցության 39-րդ գաղտնի բաժնի ֆինանսները կառավարող պաշտոնյան ներկայում գտնվում է Եվրոպայի երկրներից մեկում։
Որոշ տվյալների համաձայն՝ նա ցանկացել է փախչել ԱՄՆ, սակայն այդ երկրում նրան չեն ընդունել։
Նրա անհետացման ամսաթվի ու գումարի չափի վերաբերյալ տվյալները տարբեր են. ըստ գործակալության՝ նա անհետացել է մեկ տարի առաջ՝ իր մոտ ունենալով մի քանի մլն դոլար, Dong-A Ilbo թերթն էլ հաղորդում է, որ նա անհետացել է ընթացիկ տարվա հունիսին՝ իր մոտ ունենալով 400 մլն դոլար։










