Ռուս ըմբիշ Իննա Տրաժուկովան ՌԴ Ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար Մամիաշվիլիին մեղադրել է իրեն ծեծելու համար

00:17 • 20.08.16

Ռուս ըմբիշ Իննա Տրաժուկովան, ով Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է լեհ մարզուհի Մոնիկա Միխալիկին, պատմել է տհաճ միջադեպի մասին, որը տեղի է ունեցել իր և ՌԴ Սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիի միջև. փոխանցում է Газета-ն:

«Մրցում էր ընթանում բրոնզի համար, որը ես պարտվեցի: Մրցումից հետո ինձ դիմավորեց ֆեդերացիայի նախագահ Մամիաշվիլին հարբած վիճակում: Նա իմ հետ կոպիտ էր խոսում, վիրավորում էր և դեմքիս 2 անգամ հարվածել է: Այդ ամենը տեղի էր ունենում ականատեսների առջև»,- պատմել է մարզիկը:

Նա նշել է, որ Ռուսաստան վերադառնալուց հետո մտադիր է դիմում ներկայացնել դատախազություն, ինչպես նաև հայտնել տվյալ միջադեպի մասին Ռուսաստանի սպորտի նախարարին:

«Ես ստրկության մեջ չեմ, որ պարտված մրցույթի համար իմ հետ նման կերպ վարվեն: Ինձ ստորացրել են հրապարակայնորեն: Ես ցանկանում եմ դադարեցնել դա, որպեսզի հետագայում մարզուհիները դրանից չտուժեն»,- ասել է Տրաժուկովան:

Ֆեդերացիայի նախագահը խոստովանել է, որ մարզիկի հետ զրույցը եղել է խիստ: Նրա խոսքով՝ Տրաժուկովան ելույթ է ունեցել անտաղանդ, առանց կամքի ուժի:

«Նա մարզիկ է և պատասխանատվություն է կրում արդյունքի համար: Նա պարտավոր է արժանի ելույթ ունենալ: Մարդը դուրս է եկել և չի ցանկանում պայքարել, նվիրում է մեդալը հակառակորդին»,- ասել է Մամիաշվիլին: