ԱՄՆ–ում մատուցողը 500 դոլարի թեյավճար է ստացել ցուցաբերած բարության համար
ԱՄՆ Դալաս քաղաքի ռեստորաններից մեկում մի մատուցողի 500 դոլար թեյավճար են թողել, տեղեկացնում է CNN-ը։
Քեյսի Սիմոնսը պատմել է, որ թեյավճարը թողած հաճախորդը մենյուի ամենաէժան բանն են պատվիրել՝ ջուր: Ողջ հաշիվը կազմել է 0,37 դոլար, իսկ թեյավճարը եղել է 500 դոլար:
Անձեռոցիկի վրա գրված երկտողում հաճախորդը բացատրել է, թե ինչու է նման գումարը թողել որպես թեյավճար։ Նա պատմել է, որ նախորդ օրը գնումներ կատարելու ժամանակ Սիմոնսը դրամարկղի մոտ մի ընկճված ծեր կին է նկատել և մոտեցել է նրան, խոսել նրա հետ, փորձել բարձրացնել նրա տրամադրությունը և անգամ վճարել է նրա փոխարեն:
Հաճախորդը պատմել է, որ ինքը նշված կնոջ դուստրն է, և այդ օրը եղել իր հոր մահվան երրորդ տարելիցը: Ռեստորանի հաճախորդն այդպիսով որոշել է իր շնորհակալությունը հայտնել մատուցող Քեյսի Սիմոնսին։
«Դա ընդամենը 17 դոլար էր, բայց հարցը գումարը չէ: Կարևորը մեկին ցույց տալն է, որ մտածում ես նրա մասին: Տարվա ամենածանր օրերից մեկին Դուք իմ մայրիկի օրը հիանալի դարձրեցիք: Դուք պնդեցիք վճարել նրա համար, ասացիք, որ նա շատ գեղեցիկ է: Ես երբեք չէի տեսել, որ այս կինն այդպես ժպտար հորս մահանալուց ի վեր»,- գրված է եղել մատուցողին հասցեագրված երկտողում:










