Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

16:05 • 21.08.16

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին.

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ձեր աստվածահաճո ծառայությամբ Դուք և Ձեր սրբազան հովվապետությամբ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ջանադրաբար գործի եք դնում բոլոր հնարավորությունները մեր ժողովրդի հոգևոր զորացմանն ու վերելքին նեցուկ և հենարան լինելու համար` հավատավոր ժողովրդի մեջ հաստատելով արդարամտության, արժանապատվության և գթասրտության գաղափարներ, ձևավորելով հոգևոր ու բարոյական առողջ մթնոլորտ:

Այսօր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Ձեր հայրապետությամբ ավելի հզորացած շարունակում է իր ազգապահպան առաքելությունը: Վստահ եմ, որ հետայսու էլ Ձեր աստվածահաճո ջանքերն ու հայրապետական հոգածությունը սատար կլինեն մեր ժողովրդին` նրա առաջընթացի ու հզորացման ճանապարհին»:

Ազգային ժողովի նախագահը Վեհափառ Հայրապետին մաղթել է առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք: