Եթե ստեղծվի ԼՂ հակամարտության կարգավորման նոր ֆորմատ, Իրանի մասնակցությունն անխուսափելի կլինի. ռուս վերլուծաբան

13:41 • 21.08.16

Իրանի հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում հավասարաչափ է Ռուսաստանի հետաքրքրությանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ նշելով, որ վերջերս Ադրբեջան-Իրան-Ռուսաստան ֆորմատով տեղի ունեցած հանդիպումը տեղավորվում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում:

«Իրանի հետաքրքրությունն այս տարածաշրջանում պատմությամբ է ամրագրված: Գիտեք, որ 19-րդ դարում հողեր կային, որոնք Պարսկաստանի տիրապետության տակ էին, ու Իրանը մինչ այժմ մտահոգված է այդ տարածքների կորստով: Թուրքիան հետո է դեր ստանձնել այստեղ: Եվ դրա համար էլ Իրանի դերը կարևոր է: Իսկ Իրանը հիմա մեկ դեր ունի՝ թույլ չտալ ադրբեջանա-թուրքական տանդեմի ամրացում»,- ասաց Տարասովը:

Ռուս վերլուծաբանի խոսքով՝ եթե ենթադրենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անաշխատունակության մասին զրույցները տեղին են, ապա հնարավոր է ստեղծվի հակամարտության կարգավորման նոր ֆորմատ, որտեղ Իրանի մասնակցությունն անխուսափելի կլինի: