Արարատ Խանդոյանի կնոջը Ծաղկահովիտում հանձնաժողովի անդամ չեն նշանակում, քանի որ նա դաշնակցական չէ. ՀՅԴ-ական մարզպետ

11:48 • 22.08.16

ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են Արարատ Խանդոյանի կնոջը՝ Սոնա Թամարյանին հանձնաժողովի անդամ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, քանի որ նա դաշնակցական չէ:  Tert.am-ի հետ զրույցում՝ ի պատասխան Արարատ Խանդոյանի կնոջ հայտարարության, այս մասին ասաց Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ՝ Գաբրիել Գյոզալյանը:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը հայտարարել էր, որ Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ընտրություններին իրեն թույլ չեն տալիս որպես ընտրական հանձնաժողովի անդամ մասնակցել:

«Մարզային կոմիտեն է որոշում, իսկ կինը դաշնակցական չէ, մենք ունենք խումբ Ծաղկահովիտում և նշանակել ենք դաշնակցական անդամ, ամբողջ խնդիրը դա է»,- ասաց մարզպետը:

Մարզպետը վրդովված է կնոջ՝ իրեն ուղղված գնահատականից, թե կիսագողական բարքեր են գործում:

 «Հիմա ինքն ասում է կիսագողական բարքեր, տարածքը իմն է… դուք նման կարծիք երբևիցե՞ ունեցել եք իմ մասին, շատ բան են էլի ասում, հետո էլ ես տեղյակ էլ չեմ եղել»,- ասաց նա:

Հարցին, թե կուսակցությունն արդեն Սոնա Թամարյանի անհրաժեշտությունը չունի՞, քանի որ, ամեն դեպքում, կուսակցությունը լիցենզիա էր տրամադրել նրան և ընտրություններին հանձնաժողովի անդամ էր նշանակել ՀՅԴ-ի կողմից, մարզպետը պատասխանեց.

«Ծանոթ չեմ, հիմա կքննարկեմ, ընդհանուր պատկերը կիմանամ, հիմա կարող է 10 հոգի ունենանք, մի հոգի  նշանակվի»:  

Մարզպետը հերքեց, թե հարցում քաղաքական ենթատեքստ կա.  «Չէ, չէ, չէ,  նման խնդիր չկա, Արայիկ Խանդոյանը գրանցվեց նման խնդիր եղա՞վ։ Ոչ, չեմ կարծում, որ լուրջ հարց է»,- ասաց նա: