Իրանում Ռուսաստանին մեղադրել են «անքաղաքավարի պահվածք դրսևորելու» համար
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը մեղադրել է Ռուսաստանին «անհամեստության» և «պարծենկոտության» համար՝ կապված այն բանի հետ, որ Մոսկվան տեղեկություն է տարածել Սիրիայում թիրախների ռմբակոծման համար Իրանի ռազմաօդային բազան օգտագործելու մասին, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«Ռուսներն, անշուշտ, ցանկանում են ցույց տալ, որ նրանք գերտերություն են և ազդեցիկ պետություն և որ ակտիվ դեր են խաղում տարածաշրջանում և աշխարհում անվտանգության հարցերում: Իրանական բազայի օգտագործման մասին լուրերի հարցում կա պարծենկոտության և անքաղաքավարի պահվածքի չափաբաժին»,- հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարն իրանական հեռուստաընկերությանը կիրակի օրը՝ օգոստոսի 22-ին տված հարցազրույցում:
Դեհգանը միաժամանակ ընդգծել է, որ Թեհրանը կշարունակի համագործակցել և՛ Մոսկվայի, և՛ Դամասկոսի հետ:
«Ռուսաստանը որոշել է լրացուցիչ ինքնաթիռներ օգտագործել և ուժեղացնել Սիրիայում իրենց գործողությունների արագությունն ու հստակությունը: Այդ պատճառով նրան անհրաժեշտ է եղել վերալիցքավորում իրականացնել գործողության գոտուն մոտ գտնվող շրջանում: Հենց այդ պատճառով են նրանք օգտագործել Համադանում բազան, բայց մենք միանշանակ չենք տվել նրանց ռազմական բազան»,- ասել է Իրանի պաշտպանության նախարարը:
Մոսկվան հայտարարել է Համադանում իրանական բազան օգտագործելու մասին անցած շաբաթ: Ընդ որում՝ Թեհրանը նշել է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել իրանական ավիաբազան այնքան, որքան հարկավոր է:










