Ճապոնիայում «Մինդուլ» թայֆունի պատճառով հարյուրավոր չվերթներ են հետաձգվել

19:32 • 22.08.16

Ճապոնիայում հարյուրավոր ավիաչվերթներ են հետաձգվել «Մինդուլ» թայֆունի պատճառով, որը պատուհասել է երկրի արևելյան շրջաններին:

Թայֆունի կենտրոնում քամու ուժգնությունը հասնում է 180կմ/ժ արագության, այդ շրջաններում հորդառատ անձրևներ են տեղում, փոխանցում է BBC-ն:

Եղանակային բարդ պայմանների պատճառով դադարեցվել է Տոկիոյում «Նարիտա» միջազգային օդանավակայանի դիսպետչերական աշտարակի աշխատանքը, ինչի հետևանքով հետաձգվել են 85 միջազգային և 30 ներքին չվերթներ: Տոկիոյի մեկ այլ օդանավակայանում`«Խանեդայում», թայֆունի պատճառով հետաձգվել է ավելի քան 400 ներքին չվերթ:

Հաղորդվում էր նաև խափանումների մասին երկաթուղային երթևեկության մեջ Տոկիոյի շրջանում:

Մասնագետները զգուշացնում են հեղեղումների և սողանքների առաջացման վտանգի մասին և կոչ են անում երկրի բնակիչներին զգոն լինել:

Տուժածների մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա: Տեղական լրատվամիջոցները հայտնում են առնվազն 2 տուժածի մասին: