Մասիսի քաղաքապետի ՀՀԿ–ական թեկնածուն չի կարող հարցաքննվել Սարի թաղի գործով, քանի որ այնտեղ չի եղել. Մուրադ Մուրադյան
Թիվ 16 ընտրատարածքից ընտրված ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը չի բացառում, որ կղեկավարի Մասիսի քաղաքապետի ընտրություններում որպես թեկնածու գրանցված Դավիթ Համբարձումյանի նախընտրական շտաբը:
Դավիթ Համբարձումյանը ՀԷՑ ՓԲԸ-ի փոխտնօրեն է և «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանի (հայտնի որպես Թույների Մհեր) որդին։ Դավիթ Համբարձումյանը նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է։
Հուլիսի 29-ին Սարի թաղի ցույցը ցրելու ժամանակ լրատվամիջոցները ֆիքսել էին նաև Մասիսում ՀՀԿ առաջադրած թեկնածու Դավիթ Համբարձումյանին: Tert.am-ը մի քանի հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանին:
- Պարոն Մուրադյան, հնարավո՞ր է Դավիթ Համբարձումյանի նախընտրական շտաբի պետը Դուք լինեք:
- Դե դեռ թող գրանցվեն, պրծնեն: Ես շտաբում կլինեմ հաստատ: ՀՀԿ-ական թեկնածու է, ես հաստատ կլինեմ շտաբում: Ի վերջո, Մասիսը գտնվում է 16 ընտրատարածքում: Ես անտարբեր չեմ լինի:
-Փաստորեն Թույների Մհերի տղային Դո՞ւք եք սատարելու Ձեր աջակիցներով:
- Թույների Մհեր, Թույլների Մհեր, սարքել եք եսիմինչ խեղճ տղուն: Եթե տենց ա, սերմ էլ ա բերում, ի՞նչ կա, գյուղի տղա է, ծնվել մեծացել է գյուղում, դրանով զբաղվում է, մարդ պիտի մի բանով զբաղվի, թե չէ:
- Պարոն Մուրադյան, իսկ տեղյա՞կ եք, Դավիթ Համբարձումյանը հարցաքննվե՞լ է Սարի թաղի գործով:
– Ո՞նց կարող է հարցաքննեն, ինչի՞ մասին է խոսքը: Եթե ինքը էնտեղ չի եղել, ո՞նց կարան իրան կանչեն, հարցնեն, ինչի մասին ա խոսքը:
– Բայց իր նկարները կան մամուլում, ինչպե՞ս է նա հայտնվել Սարի թաղում դեպքերի ժամանակ:
– Վայ, հիմա իմ նկարն էլ կարող են տանել եսիմ որտեղ դնել: 100 տոկոսով համոզված եղեք, որ Դավիթ Համբարձումյանն էնտեղ չի եղել: Արդեն որոշված էր մոտ 2-3 ամիս, որ ինքն է առաջադրվելու, Դավիթ Համբարձումյանը որտեղի՞ց կարող էր իմանալ, որ Սարի թաղում հուլիսի կեսերին պետք է նման դեպքեր լինեին, որ ինքը պետք է ակտիվություն ցույց տա, որ իրեն առաջադրեին: Համ էլ ինքը կրթված, ավարտած տղա է, ուրեմն երկիրը չի կարողանում իր իրավապահ մասնագետներով այդ միջոցառումն իրականացնեն, պետք է կանչեն Դավիթ Համբարձումյանի՞ն:
- Պարոն Մուրադյան, տեղեկություն կա, որ Դավիթ Համբարձումյանն առաջադրվում է նաև այն պատճառով, որ ՀՀ ոստիկանապետի թիկնազորի պետի փեսան է:
- Նախ իրենք շատ մարդկանց հետ բարեկամական կապեր ունեն, հետո միանշանակ համոզված եղեք, Դավիթ Համբարձումյանը Սարի Թաղում չի եղել:
-Տեղեկություն կա նաև, որ ՀՀԿ թեկնածուն ընդամենը 6 ամսվա Մասիսի գրանցում ունի ու իրականում չէր կարող առաջադրվել:
– Ինքը 4,5 տարվա գրանցում ունի, որ գաք, կարող եմ ցույց տալ թղթերը:










