Գերմանիայի բնակիչներին կոչ են անում ջրի և սննդի պաշար հավաքել` երկրում արտակարգ իրավիճակի դեպքում
Սառը պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ Գերմանիայի կառավարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ջրի և սննդի պաշար հավաքել՝ երկրում արտակարգ իրավիճակի դեպքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընդդիմադիր կուսակցություններից Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ հայտարարել են, որ քաղաքացիական պաշտպանության նոր հայեցակարգը, որը չորեքշաբթի օրը քննարկելու է կառավարությունը, ոչ այլ ինչ է, քան բնակչությանը վախեցնելու փորձ:
Գերմանիայի բնակիչներին խորհուրդ է տրվում սննդի պաշարներ հավաքել, որոնք կբավարարեն 10 օր: Իշխանությունները բացատրում են դա նրանով, որ աղետի դեպքում մարդիկ կարող են կտրված լինել փրկարարական ծառայություններից: Ջրի պաշարները պետք է բավարարեն առնվազն հինգ օր՝ հաշվարկելով մեկ մարդու համար օրական երկու լիտր:
Frankfurter Allgemeine լրատվական ինտերնետային պորտալի համաձայն՝ քաղաքացիական պաշտպանության նոր հայեցակարգը ներկայացված է 69 էջանոց փաստաթղթում, որը մշակել է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը:










