Մեքսիկայում  Զիկա վիրուսի վարակման 1880 դեպք է գրանցվել

05:03 • 23.08.16

Մեքսիկայում ամենաքիչը 1880 մարդ է հիվանդ Զիկա վիրուսով: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Մեքսիկայի առողջապահության նախարարությունը:

Իշխանությունների տվյալներով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում  գրանցվել է հիվանդացության 265 դեպք: Ամենամեծ թվով վարակվածները՝ 558 մարդ, Գերրերո նահանգում են:

Զիկա վիրուսն առաջին անգամ ի հայտ է եկել 1947թ-ին Ուգանդայում և բոլորովին վերջերս համարվում էր անվտանգ մարդկության համար: Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընթացիկ տարվա փետրվարի 1-ին վիրուսի տարածումը միջազգային մասշտաբի վտանգ է ճանաչել:

Գիտնականները կարծում են, որ Զիկա վիրուսը հղիների մոտ պտղի զարգացման տարբեր խնդիրներ է առաջացնում: Դրանցից ամենածանրը համարվում է միկրոցեֆալը, որի հետևանքով երեխայի մոտ գանգի չափերի խախտումներ են լինում, տկարամտություն, տեսողության ու լսողության խնդիրներ: