Դինքի սպանության գործով նոր տեսագրությունն ապացուցում է, որ պետությունը մինչև կոկորդը խրված է այս հանցագործության մեջ. Երվանդ Տանձիկյան

15:12 • 09.09.16

Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ սկանդալային տեսագրության մասին «Ակօս»-ի այսօրվա իր սյունակում խոսել է թերթի ներկայիս խմբագիր Երվանդ Տանձիկյանը:

 

Նշենք, որ տեսանյությում նկատվող վեց սպաները, որոնք փաստացի արդեն մեղադրվում են Դինքի սպանության գլխավոր պատասխանատուն լինելու համար, կասկածվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար:

Տանձիկյանն իր հոդվածում զարմանք է հայտնել, թե ինչո՞ւ են այս տեսանյութերը համացանցում հայտնվել հենց հիմա և արդյո՞ք տեսագրությունները հրապարակած իշխանամետ մամուլի նպատակը գործի բացահայտումն է, թե՞ ոճրագործությունը միայն գյուլենականների վրա բարդելը:


Տանձիկյանի հոդվածը ներկայացնում ենք ստորև. 


«Շաբաթվա սկզբին իշխանամետ մամուլում հայտնվեցին Հրանտ Դինքի սպանության գործին առնչվող տեսանյութեր: Այս տեսանյութերում տեսնում ենք ժանդարմերիայի հետախույզներին «Ակօս»-ի խմբագրության մոտակայքում ազատ շրջելիս: Այս տեսանյութերի՝ համացանցում հայտնվելուն զուգահեռ՝ Դինքի սպանության գործը կրկին սկսեց քննարկվել մամուլում։



Նախևառաջ պետք է արձանագրել հետևյալը. տեսանյութերը պատմում են այն մասին, որ պետությունը մինչև կոկորդը խրված է այս հանցագործության մեջ: Սա ակնհայտ է: Սա մենք ասում ենք Դինքի սպանությունից ի վեր: Ի՞նչ իմաստ է իր մեջ պարունակում այս տեսանյութերի հենց հիմա հրապարակվելը:

 

Նախևառաջ պետք է ասել, որ այս տեսանյութերի գոնե մի մասի առկայությունը հայտնի էր տարիներ շարունակ: Այսինքն` խոսքը միանգամայն վերջերս հայտնված տեսագրությունների մասին չէ: Պարզապես դրանք նոր են հրապարակվում: Նորությունը հենց դրանց հրապարակումն է:

 

Մյուս նորությունը սպանության օրը նրանց ունեցած հեռախոսազանգերի բացահայտումն է: Այս ամենից մեր մտքին առաջին հերթին այս հարցն է գալիս. այս ամենը բացահայտելու համար ինչո՞ւ են սպասել շուրջ 9 տարի:


Իշխող կուսակցության շրջանակների պատասխանն այս հարցերին հավանաբար սա է լինելու՝ «գյուլենականներին նոր ենք բացահայտել», կամ էլ «գյուլենականները խոչընդոտում էին, որ անենք»:
Սրանք, անշուշտ, համոզիչ արդարացումներ չեն: Այս ապանությունը բացահայտելու համար տարիներ շարունակ մեծ ջանքեր են գործադրվում: Դինք ընտանիքը, ընտանիքի փաստաբանները, մարդու իրավունքների պաշտպանները, Հրանտի ընկերները և, ի վերջո, միջազգային շրջանակները տարիներ շարունակ պահանջում են այս սպանության արդար բացահայտումը: Մեկ էլ, սպանությունից անմիջապես հետո կառավարության կողմից տրված «նամուսի» խոստումը կա:

Բայց, չնայած այս ամենին, այս տեսագրությունները թաքցվեցին:

Այժմ՝ տեսագրությունների հայտնվելուց անմիջապես հետո, իշխանամետ մամուլն այս հանցագործներին ներկայացնում է որպես գյուլենականներ: Գուցե և այդպես է: Չենք կարող իմանալ:
Մինչդեռ այստեղ երկու հարց կա, որին ահրաժեշտ է գտնենք հստակ պատասխաններ:

 

Ժանդարմերիայի այդ աշխատակիցների այնտեղ լինելն ո՞ւմ հրամանն էր: Եվ ևս մի հարց, որ պակաս կարևոր չէ՝ իսկ եթե այս անձինք բոլորը չէ, որ կապ ունեն գյուլենականների հետ… Այս երկրորդ հարցի պատասխանն ավելի մեծ կարևորություն ունի: Եվս մեկ անգամ եմ կրկնում՝ հնարավո՞ր է, որ այս անձանցից ոչ բոլորն են, որ կապ ունեն գյուլենականների հետ: Սակայն, վերը նշածս միջավայրում շատ հնարավոր է, որ ձեռնարկվի «սևացնելու» գործողություն, և մյուս մասնակիցներն էլ գյուլենականների անվան տակ անցկացվեն:

 

Ինչպես գիտենք, այս պետությունն այդպիսի գործողություններ իրականացնելու հարցում վարպետ է: Եվ վերջապես ուղղեմ հետևյալ հարցը. այս ոճրագործությունն այս կամ այն պատճառով 9 տարի շարունակ կոծկել հաջողած պետությունն ինչպիսի՞ պետություն է…»։