Դուբայ-Երևան թռիչքի ժամանակ օդանավի անիվը ոչ թե պայթել է, այլ վնասվել է վայրէջքի ժամանակ. Քաղավիացիայի գլխավոր վարչություն

17:37 • 15.09.16

Դուբայ-Երևան թռիչքի ժամանակ օդանավի հետ տեխնիկական խնդիր եղել է, սակայն անիվը ոչ թե պայթել է, այլ վնասվել է վայրէջքի ժամանակ. Tert.am-ի հարցմանն ի պատասխան ասացին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

«ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, արձագանքելով 2016 թվականի սեպտեմբերի 13-ին FlyDubai ավիաընկերության օդանավի՝ Դուբայ-Երևան թռիչքի ժամանակ տեղի ունեցած խնդրին, տեղեկացնում է, որ օդանավի հետ տեխնիկական խնդիր եղել է, սակայն անիվը ոչ թե պայթել է, այլ վնասվել է վայրէջքի ժամանակ: Հետադարձ չվերթի ուշացման պատճառ է դարձել վնասված անիվի նորով փոխարինումը՝ թռիչքի անվտանգությունն ապահովելու նպատակով»,-նշում են վարչությունից:

Նշենք, որ Դուբայ-Երևան չվերթի օդանավի ուղևորներից Անի Թողանյանը Tert.am-ին տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ին FlyDubai ավիաընկերության օդանավի անիվները վայրէջքի ժամանակ պայթել են:

«100-ավոր մարդիկ սթրեսի մեջ էին, մեկը չասեց` այ FlyDubai, ինչո՞ւ պատասխանատվություն չեք կրում, երբ այսքան մարդկանց կյանքի հետ եք խաղում, հին ու անսարք օդանավ ուղարկելով»,-գրել էր նա:

Քաղաքացիական ավիացիայի վարչությունից նշեցին, որ օդանավը հին չէ:

«Ինչ վերաբերում է օդանավի տարիքին, նշենք որ այդ օդանավի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2014 թվականին: ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ն մշտապես հետևում է դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս երթուղիները շահագործող ավիաընկերությունների օդանավերի թռիչքային անվտանգության մակարդակին: Ժամանակակից բարդ ավիացիոն տեխնիկայի շահագործման ընթացքում հնարավոր չէ խուսափել տեխնիկական խնդիրներից»,-ասաց նա: