Աբդուլ Համիդը վախկոտի ու խղճուկի մեկն էր. թուրք սյունակագիր

12:13 • 20.09.16

Թուրքական «Սյոզջյու» թերթի սյունակագիրներից էմին Չյոլաշանը խստորեն քննադատել է երկրի իշխանություններին` օսմանյան 34-րդ սուլթան Աբդուլ Համիդին մեծարելու, նրա պատվին սիմպոզիումներ կազմակերպելու և հիվանդանոցներ անվանափոխելու համար: 



Սյունակագիրն Աբդուլ Համիդին անվանել է վախկոտ և խղճուկ առաջնորդ և անդրադարձել պատմության մեջ նրա թողած ամոթալի էջերին: 

Image result for emin colasan

Ստորև ներկայացնում ենք Էմին Չյոլաշանի հոդվածը` որոշակի կրճատումներով. 


«Վախկոտի մեկն էր: 33 տարի շարունակ երկիրը ղեկավարել է սխալ տեղեկությունների ու ծանուցումների հիման վրա: 



Սարսափելի մի ռեժիմ էր ստեղծել: Հազարավոր հայրենասերների արտաքսեց երկրի ամենախուլ անկյունները: 

Ֆիզանն այդ աքսորավայրերից ամենածայրամասայինն ու դաժանն էր: Սահարայի անապատի մեջտեղում գտնվող այս վայր աքսորվողների հետ վերադառնալը սովորաբար հրաշքների հետ էր կապվում:

 

Իմ պապը` Էմին բեյը, նույնպես աքսորվել է Ֆիզան, մյուս աքսորյալների հետ Սահարայի անապատը ստիպված է եղել անցնել ոտքով` 45 օրում: Մեր ազգանունն այդտեղից է գալիս` Չյոլ աշան ( թուրքերենից թարգմանաբար նշանակում է «անապատ կտրող- անցնող»): Սահարայի անապատում 5 տարի սոված-ծարավ ապրելուց հետո կարողացել է հայրենիք վերադառնալ 1908թ.-ին` Սահմանադրության հաստատումից հետո:

Այն ժամանակ դեռ երիտասարդ Մուսթաֆա Քեմալն էլ (Աթաթուրք) է սուլթանի կողմից աքսորվել Սիրիա: 


Աբդուլ Համիդը 33 տարի շարունակ ստիպել է իր երկրին արյուն փսխել, փակեց խորհրդարանն ու քաշվեց իր ամրոցը: Խորհրդարանն այլևս չբացվեց մինչև 1908թ.: 

Ստամբուլում ապրում էր Յըլդըզ («Աստղ») պալատում, դուրս էր գալիս միայն ուրբաթօրյա նամազի ժամանակ, գնում էր ամենամոտիկ մզկիթը, անում իր նամազն ու շտապ վերադառնում պալատ: 


Այս վախկոտ, կասկածամիտ մարդը հավատում էր, որ իր հորեղբայր սուլթան Աբդուլ Ազիզին սպանելու հարցում ծովակալության մատն է խառը: Գահին տիրանալուն պես նրա առաջին գործը եղավ օսմանյան գլխավոր ծովակալներին բանտարկելը: Նա վախենում էր, որ մի օր նրանք կսպանեն իրեն: 

Image result for abdul hamit

Մի օր էլ խելքին փչեց Ճապոնիայի կայսերը շքանշան ուղարկել: Շքանշանը Ճապոնիա հասցնելու համար փոթորկոտ օվկիանոսի միջով անցնող 600 օսմանյան ծովակալներից միայն 100-ը ողջ մնացին: 

Ուրիշ անպատկառություններից էլ պատմեմ. 

Աբդուլ Համիդի օրոք պետությունը Ստամբուլում ապրող երկու ֆրանսիացի բանկիրներից պարտքով մեծ գումար է վերցնում: Եվ այդ պարտքը չի վերադարձվում: Կուտակված տոկոսների հետ միասին պարտքը հասնում է 500.000 ոսկու: Ֆրանսիան բազմիցս պահանջ է ներկայացնում Օսմանյան կայսրությանը, սակայն՝ ապարդյուն: 



Ի վերջո, 1901թ.-ին ֆրանսիացի ծովակալներն իջնում են Միդիլլի կղզի, որն այն ժամանակ պատկանում էր Օսմանյան կայսրությանը: Եվ գումարը ֆրանսիացիներին վճարվում է միայն այս օկուպացիայից հետո:

 

Եվ ահա Աբդուլ Համիդ կոչվող այս մարդն այսօրվա իշխանությունների սիրելին է, անփոխարինելին: 
Խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը Դոլմաբահչե պալատում Աբդուլ Համիդի պատվին սիմպոզիում է կազմակերպում: Ցուցադրվելու են այն ժամանակվա լուսանկարները և նվագվելու է Օսմանյան քայլերգ: Նրանք չգիտեն, որ Օսմանյան ժամանակներում մեր երկիրը քայլերգ չի ունեցել:

Ստամբուլի Հայդարփաշայի զինվորական հոսպիտալը վերանվանում են Աբդուլ Համիդի անունով: 

Նրանք ճար ունենան` Աբդուլ Համիդին գերեզմանից կհանեն, կտնկեն մեր գլխին»: