«Անկախության սերունդ». մեկնարկել է անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգը

19:16 • 21.09.16

Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգը: «Անկախության սերունդ» խորագրով համերգն ընթանում է Հայաստանի և Արցախի 1100 երաժիշտների մասնակցությամբ:

Համերգին մասնակցում են միայն անկախության սերնդի ներկայացուցիչները. սերունդ, որը ծնվել և ապրում է ինքնիշխան և անկախ Հայաստանում:

Նախագծի շրջանակում ՀՀ մարզերի, մայրաքաղաքի, Արցախի և Սփյուռքի հայ պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողներ հանդես կգան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: Երեկոյի ընթացքում կհնչեն նաև հատուկ Անկախության օրվա կապակցությամբ գրված ստեղծագործություններ:

Նախագծի հեղինակն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով որպես այդ սերնդի ներկայացուցիչ ղեկավարում է «Անկախության սերունդ» նվագախումբը: Հատուկ այս միջոցառման համար որպես մենակատարներ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան են հրավիրվել հայ կատարողական արվեստի երիտասարդ լավագույն ներկայացուցիչներ, ովքեր նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում պատվով ներկայացնում են Հայաստանը ամբողջ աշխարհում:

Նվագախմբի և երգչախմբի այդօրինակ մեծ կազմի համար կատարվել են նոր գործիքավորումներ՝ հայ ժամանակակից կոմպոզիտորների և գործիքավորողների կողմից: Կատարվող բոլոր ստեղծագործությունները կթվայնացվեն՝ հետագայում Հայաստանում և արտերկրում գործող կոլեկտիվներին և ուսումնական հաստատություններին տրամադրելու նպատակով: 

 

 

«Անկախության սերունդ». մեկնարկել է անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգը