Մեկնարկել է Դինքի սպանության գործով նոր դատական նիստը, «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները հայտարարությամբ են հանդես եկել
Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատական նիստին ընդառաջ «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները հավաքվել են Ստամբուլի գլխավոր դատախազության դիմաց: Այս մասին գրում է «Ակօսը»:
Նախաձեռնության անդամները պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ նշել են, որ իրենք չեն հավատում Դինքի սպանության գործի շուրջ պետության կողմից ստեղծված նոր կեղծիքներին և գործի վերաբերյալ նոր տեսանյութերի հայտնությունը «քաղաքական կեղտոտ խաղ» են համարում:
«Մեզ բնավ չեն հետաքրքրում նրանք, ովքեր ասում են, թե Հրանտ Դինքին սպանել են ռասիստ ազգայնականները, էրգենեկոնականները կամ գյուլենակնաները: Այստեղից ևս մեկ անգամ ուզում ենք հայտարարել, որ ժամանակին պետության կողմից արված և միայն հիմա լուսաբանված այդ տեսանյութերի հայտնությունը չենք դիտում որպես 10 տարի հանգուցալուծում չգտնող դատական գործում առաջխաղացում, դա միայն բոլորիս հայտնի քաղաքական կեղտոտ խաղերի արդյունքն է»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում էր, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյությում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:
Տեսանյութում երևացող տղամարդիկ, ըստ Ստամբուլի դատախազության պնդումների, թուրքական ԶՈՒ-ի նախկին սպաներ են, որոնք վերջերս ձերբակալվել են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում կատարվող կադրային զտումների և խուզարկությունների շրջանակներում:
Վեց սպաները, որոնք փաստացի արդեն մեղադրվում են Դինքի սպանության գլխավոր պատասխանատուն լինելու համար, կասկածվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում։










