Caviar ընկերությունը Հայաստանին նվիրված iPhone 7 Plus սմարթֆոն է ներկայացրել. լուսանկարներ

21:43 • 12.10.16

Ռուս-իտալական Caviar ընկերությունը, որը մասնագիտանում է շքեղ բջջային հեռախոսների հատուկ դիզայններ ստեղծելու գործում, ներկայացրել է Atlante առաջադեմ սմարթֆոնների նոր շարքը, որը ստեղծվել է iPhone 7 Plus-ի հիման վրա:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, նոր հավաքածուի մեջ տեղ են գտել Ռուսաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, Ղազախստանին, Չեչնիային, Բելառուսին և Ուկրաինային նվիրված մոդելներ, որոնք զարդարված են ազգային խորհրդանիշների պատկերներով:

Յուրաքանչյուր հեռախոս ձևավորված է ազգային ոսկյա գերբով և խորհրդանշական փորագրված զարդանախշերով:  Armenia մոդելի դիզայնը ներկայանում է Հայաստանի տեսարժան վայրերի փորագիր պատկերներով, գերբով ու Արարատ լեռան պատկերով:

Ապրանքանիշի ներկայացուցիչների խոսքով` այս շարքի սմարթֆոնները հիանալի նվեր կարող են դառնալ տարբեր երկրների դիվանագետների ու դեսպանների համար: Գաջեթների արժեքը կազմում է 209 000-244 000 ռուբլի:

Caviar ընկերությունը հիմնադրվել է իտալացի ոսկեգործ Իլիա Ջակոմետիի կողմից: Առաջին զարդանախշ սմարթֆոնը ներկայացվել է 2001-ին:

 

 

 

Caviar ընկերությունը Հայաստանին նվիրված iPhone 7 Plus սմարթֆոն է ներկայացրել. լուսանկարներ