Մարսի նոր լուսանկարները նորովի են բացահայտում «Կարմիր մոլորակի» մակերևույթը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, նոր լուսանկարներ է հրապարակել Մարսի վերաբերյալ՝ բացահայտելով «Կարմիր մոլորակի» մակերևույթի հատվածները:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընդհանուր առմամբ, ՆԱՍԱ-ն հրապարակել է ավելի քան 600 լուսանկար, որոնք բացահայտում են Մարսի վրա եղած հրաբխային խառնարանները, ավազաթմբերն ու քարքարոտ մակերևույթը:

Գիտնականները նշում են, որ, դատելով լուսանկարներից, միլիոնավոր տարիներ առաջ Մարսը ծածկված է եղել օվկիանոսներով, սառցաշերտերով ու, ընդհանուր առմամբ, եղել է երկրաբանական ակտիվ վիճակում:

Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարներն արվել են 2006թ.-ից «Կարմիր մոլորակի» շուրջ պտտվող The Mars Reconnaissance Orbiter արբանյակի միջոցով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հետազոտողները Մարսի հյուսիսային կիսագնդում գտել են այն վայրը, որն ամենահարմարն է դեպի «Կարմիր մոլորակ» կատարվելիք գիտարշավի համար:
Հայտնի է, որ տվյալ Deuteronilus Mensae պարունակում է մեծ քանակությամբ սառույց, ինչն էլ գիտնականներին հիմք է տալիս ենթադրելու, որ այնտեղ հնարավոր է հայտնաբերել այլմոլորակային կյանք:
Աղբյուրը հավելում է, որ աշխարհի առաջատար տիեզերական գործակալությունները բազմիցս հայտարարել են դեպի Մարս մարդկանց ուղարկելու ծրագրերի մասին: Մասնավորապես ՝ ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, մտադիր է 2030-ականներին «Կարմիր մոլորակի» վրա իջեցնել առաջին տիեզերագնացներին, մինչդեռ ամերիկյան SpaceX մասնավոր ընկերությունը խոստանում է մարդկային առաքելությունն իրագործել 2024թ.:

















