Բրիտանացին 11 ժամ շարունակ փորձել է ջուր եռացնել Wi-Fi թեյնիկով
Բրիտանացի Մարկ Ռիթմանը 11 ժամ շարունակ փորձել է ջուր եռացնել Wi-Fi թեյնիկով, հաղորդում է The Guardian-ը:
Նշվում է, որ Ռիթմանն ընդամենը մեկ բաժակ թեյ է ցանկացել խմել ու չի պատկերացրել, որ ստիպված կլինի 11 ժամ ծախսել, որպեսզի իր բարձրտեխնոլոգիական թեյնիկը եռացնի ջուրը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ռիթմանը, որը մասնագիտությամբ տեխնիկական մասնագետ է, մոտավորապես ժամը 9:00-ին սկսել է իր փորձերը, սակայն նույնիսկ երեք ժամ անց խնդիրները չեն լուծվել. ըստ երևույթին, դժվարությունն այն էր, որ բազային կայանին չէր հաջողվում կապ հաստատել նոր սարքի հետ: Ամենայն հավանականությամբ, թեյնիկում բացակայել է ծրագրային ապահովումը, որը թույլ կտար այն ինտեգրել տանը գտնվող այլ սարքերին:
Կայքը գրում է, որ տղամարդն ինքնուրույն լուծել է խնդիրը: 11 ժամ անց թեյնիկը սկսել է արձագանքել ձայնային հրամաններին, և նրան հաջողվել է ջուր եռացնել:
Նշենք, որ Wi-Fi թեյնիկը միանում է սմարթֆոնով՝ բնակարանի ցանկացած կետից, ու առաջարկում է մի քանի ջերմաստիճանային ռեժիմ թեյի և սուրճի համար: Թեյնիկը նույնիսկ SMS հաղորդագրություն է ուղարկում սմարթֆոնին` հարցնելով, թե արդյոք տերը ցանկանում է թեյ կամ սուրճ խմել այդ պահին, իսկ բացասական պատասխանի դեպքում ջրի ջերմաստիճանը բարձր է պահում, մինչև մարդն օգտվի դրանից:










