ԱՄՆ-ն աննախադեպ կիբեռհարձակում է նախապատրաստում Ռուսաստանի դեմ. NBC News
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ), երկրի նախագահի վարչակազմի հանձնարարականով, աննախադեպ կիբեռհարձակում է նախապատրաստում Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով հետախուզությունում բարձրաստիճան աղբյուրի:
Նշվում է, որ հարձակումը պետք է ռուս հաքերների կողմից «ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձի» պատասխանը լինի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակման թիրախը Ռուսաստանի կառավարությունն է: Նա մանրամասնել է, որ կիբեռհարձակումը կանդրադառնա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ շրջապատի բանկային ու անձնական հաշիվներին։
Աղբյուրը նաև հավելել է, որ ԿՀՎ-ն արդեն նախապատրաստվում է հարձակմանն ու մշակում է դրա իրականացման մեթոդները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրել են Ռուսաստանին ԱՄՆ-ի քաղաքական կազմակերպությունների դեմ կիբեռհարձակումների կազմակերպման համար:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվայի հասցեին հնչեցված մեղադրանքներն անհիմն են:










