ԱՄՆ-ում արգելել են Samsung Galaxy Note 7 սմարթֆոնն անցկացնել ինքնաթիռ
ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությունն արգելել է Samsung Galaxy Note 7 սմարթֆոններն անցկացնել ինքնաթիռ ու տեղափոխել դրանք օդային փոխադրամիջոցով:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, նախարարության կարգադրությամբ՝ ուղևորներին արգելվում է թռիչքի ժամանակ հեռախոսն իրենց մոտ պահել կամ այն հանձնել ուղեբեռի հետ: Նրանք, ովքեր կփորձեն շրջանցել արգելքը, կարող են տուգանվել, զրկվել հեռախոսից կամ էլ կենթարկվեն քրեական հետապնդման:
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 11-ին Samsung-ը հայտարարել էր ինքնահրկիզման ու մարտկոցների պայթյունների վերաբերյալ դեպքերի պատճառով Galaxy Note 7-ի արտադրությունն ու վաճառքը դադարեցնելու մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հարավկորեական ընկերությունը տեղեկացրել է, որ եկող երկու եռամսյակների ընթացքում կունենա ավելի քան 3 մլրդ դոլարի վնաս:
Մասնավորապես՝ ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում ընկերությունը կանխատեսում է 2.2 մլրդ, իսկ 2017թ. առաջին եռամսյակում՝ 1.1 մլրդ դոլարի վնաս:
Աղբյուրը մանրամասնում է, որ սպասվելիք ֆինանսական վնասները պայմանավորված են սեպտեմբերին ներկայացված Galaxy Note 7 սմարթֆոնների զանգվածային անսարքությամբ:










