Տիեզերքում 10 անգամ ավելի շատ գալակտիկաներ կան, քան ենթադրում էր գիտությունը
Տիեզերքը կամ գոնե «տեսանելի տիեզերքը», այսինքն` անծայրածիր տարածության այն հատվածը, որը տեսականորեն հնարավոր է ուսումնասիրել Երկրից, ավելի շատ գալակտիկաներ է պարունակում, քան գիտնականները կարծում էին մինչ օրս:
Այս մասին հաղորդում է The Washington Post-ը` մեջբերելով Նոթինգհեմի համալսարանի աստղագետների կատարած վերլուծությունը: Նախկինում կատարված գնահատումները, որոնք հիմնված են եղել 1990-ականներին Hubble աստղադիտակից տացված խոր պատկերների վրա, ենթադրում էին, որ շուրջ 100 մլրդ կամ 200 մլրդ գալակտիկաներ են պտտվում մեզ համար տեսանելի դաշտում:
Սակայն նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գալակտիկաների թիվը կարող է 10 անգամ ավելի մեծ լինել: «Տեսանելի տիեզերքում» հնարավոր է 2 տրիլիոն գալակտիկաների գոյությունը, որոնք 90 տոկոսը չափազանց խամրած են, որպեսզի մեր աստղադիտակները նկատեն դրանց փայլը:
Աստղագետները հասանելի տվյալների հիման վրա ստեղծել են տիեզերքի 3D քարտեզը, որի շնորհիվ կարողացել են պատկերել պատմության տարբեր փուլերում գոյություն ունեցած գալակտիկաների թիվը:










