Samsung-ի դեմ հավաքական հայց է ներկայացվել՝ «պայթող» Galaxy Note 7-ի պատճառով
ԱՄՆ-ում հարավկորեական Samsung ընկերության դեմ հավաքական հայց է ներկայացվել՝ Galaxy Note 7 սմարթֆոնների պատճառով, գրում է The Wall Street Journal-ը:
Հայցը Նյու Ջերսիի դաշնային դատարան է ներկայացվել հոկտեմբերի 16-ին: Բողոքում նշվում է, որ սմարթֆոնի առաջացրած խնդիրներն ամերիկացի գնորդներին միլիոնավոր դոլարներ են արժեցել:
Հայցի համաձայն՝ հաճախորդները հետևել են Samsung-ի խորհրդին և դադարել են օգտվել Galaxy Note 7-ից, սակայն պարզվել է, որ ընկերությունը չունի փոխանակման համար հասանելի սմարթֆոններ: Գնորդներին տեղեկացրել են, որ նրանք ստիպված են սպասել մի քանի օր և անգամ շաբաթ, նշվում է փաստաթղթում:
Samsung Electronics America-ի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտարարվել է համաշխարհային շուկայից մոտ 2,5 միլիոն Galaxy Note 7 սմարթֆոն հետ կանչելու մասին՝ այն բանից հետո, երբ հաղորդագրություններ հայտնվեցին լիցքավորման ընթացքում դրանց պայթելու մասին: Samsung-ը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է այդ սմարթֆոնների արտադրությունը և վաճառքը:
Մի շարք համաշխարհային ավիափոխադրողներ, որոնց թվում Singapour Airlines-ը, Finnair-ը, Aeromexico-ն, Interjet-ը և Flydubai-ը, արգելել են ինքնաթիռի սրահ մտցնել Samsung Galaxy Note 7 հեռախոսը: Սարքերն ինքնաթիռ ներս բերելն արգելել են նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և Ճապոնիայի իշխանությունները:










