Virgin America-ն փոքր էկրանով և Wi-Fi-ով համալրված «խելացի» մարզակոշիկներ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)
Virgin America ընկերությունն իտալացի դիզայներների հետ համագործակցության արդյունքում ստեղծել է նորարարական մարզակոշիկներ, որոնք համալրված են Virgin America ավիաընկերության ինքնաթիռների առաջին կարգի խցիկներում եղած մի շարք առավելություններով:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, իտալական կաշվից կարված մարզակոշիկները բիզնես դասի խցիկների օրինակով համալրված են փոքր էկրանով, Wi-Fi-ի «հոթսփոթով», ամրագոտիով, ինչպես նաև առաջարկում են բջջային հեռախոսը լիցքավորելու հնարավորություն:
Ըստ Virgin America-ի՝ նորարարական կոշիկները, որոնք գործում են մարտկոցով, իրենց տեսակի մեջ առաջինն են աշխարհում: Ուշագրավ նորույթը ստացել է First Class Shoes անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Առաջին կարգի կոշիկներ»:
Հայտնի է, որ մարզակոշիկներն աճուրդի են հանվել eBay-ում: Նշվում է, որ նորույթը գնելու համար աճուրդի մասնակիցները պետք է առաջարկեն 8.700 դոլարից ոչ պակաս գումար:
Գնորդի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 23-ին: Նմուշի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է բարեգործությանը:












