Սալմա Հայեկը Դոնալդ Թրամփին մեղադրել է սեքսուալ ոտնձգությունների մեջ

22:07 • 22.10.16

Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեկը ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրել է ոտնձգություններ կատարելու մեջ:

Դերասանուհու խոսքով` միլիարդատերը համառորեն փորձում էր ժամադրվել իր հետ: Իսկ երբ մերժում է ստացել, անցել է մանր վրեժների` պատմություններ հրապարակելով իր հասակի մասին: Այս մասին 50-ամյա դերասանուհին հայտնել է Լոս Անջելեսի El Show del Mandril իսպանալեզու ռադիոկայանի եթերում:

Սալման պնդում է, որ այն ժամանակ Թրամփը հատուկ ընկերացել էր իր բոյֆրենդի հետ` դերասանուհու հեռախոսահամարն իմանալու նպատակով: Համարն իմանալուց հետո զանգահարել և հրավիրել է ժամադրության: «Երբ ես ասացի, որ նրա հետ հանդիպման չէի գնա, եթե անգամ ընկեր չունենայի, նա դա երևի որպես վիրավորանք է ընդունել և զանգահարելով National Enquirer ամսագրին` հայտնել է, որ երբեք ինձ հետ չէր հանդիպի, քանի որ ես շատ ցածրահասակ եմ», - պատմել է մեքսիկուհին:

Հիշեցնենք, որ այս շաբաթ միանգամից 11 կին հրապարակավ հայտարարել էին, որ Թրամփը սեռական ոտնձգություններ է կատարել իրենց նկատմամբ:

Մեքսիկուհի Սալմա Հայեկը ԱՄՆ է տեղափոխվել 1991-ին և փայլուն հոլիվուդյան կարիերա կերտել: Այժմ նա ամուսնացած է Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկի` Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ, ում պատկանում են մի շարք հայտնի նորաձևության տներ, ինչպես օրինակ` Yves Saint Laurent-ը և Gucci-ն: