Կարո Փայլանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին դադարեցնել ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները

12:18 • 01.11.16

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն իր աջակցությունն է հայտնել թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականին, որի խմբագրակազմի դեմ նախօրեին ոստիկանական գործողություն է իրականացվել: Այդ մասին Փայլանը հայտնել է Twitter-ի իր էջում:


Հայազգի պատգամավորը, «Ջումհուրիյեթի» աջակիցների անցկացրած բողոքի ցույցին միանալով, կոչ է արել իշխանություններին դադարեցնել ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները:


Նա նշել է, որ ԶԼՄ-ների աշխատանքը խափանել ցանկանում են միայն նրանք, ովքեր վախենում են իրենց գործած մեղքերի ի հայտ գալուց:


Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ են իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում: Ձերբակալված է նաև թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: 


«Ջումհուրիյեթ» թերթը դեռևս անցյալ տարվա մայիս ամսին էր հայտնվել իշխանությունների և, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուշադրության կենտրոնում: Թերթը հրապարակել էր աղմկահարույց լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է թուրքական կողմը ՄՃՓ («Միջազգային ճանապարհային փոխադրումներ») միջազգային բեռնափոխադրման մասին մաքսային կոնվենցիայի շրջանակում Սիրիա փոխադրվող բեռների հետ նաև զենք-զինամթերք տեղափոխում: «Ահա այն զենքերը, որոնց մասին Էրդողանն ասում էր, թե չկան» վերնագրով հոդվածում «Ջումհուրիյեթի» թղթակիցը պնդել էր, որ բեռնատարը պատկանել է Թուրքիայի ազգային հետախուզության կոմիտեին:

Այդ ժամանակ լուրը հերքած նախագահը սպառնացել էր թերթին և հայտարարել, թե «այդ լուրն անողը պատասխան կտա»: