ՔԱԿ-ը ստանձնել է Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, զոհերի թիվը հասել է 8-ի
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում այսօր տեղի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 8-ի, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Միևնույն ժամանակ, գործակալությունը հաղորդում է, որ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումը պաշտոնապես ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է հեռախոսով դեպքի վերաբերյալ տեղեկություններ ստացել Դիարբեքիրի նահանգապետ Հուսեյն Աքսոյից:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Դիարբեքիր քաղաքի Բաղլար թաղամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ահաբեկչությունն իրականացվել է պայթուցիկներով լի մեքենայի պայթեցման միջոցով:
Հաղորդվում է, որ պայթյունից հետո Դիարբեքիրի տարածքում բախումներ են սկսվել ոստիկանության հատուկ ջոկատների և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման միջև:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։










