Թուրքիայում ձերբակալել են քրդամետ կուսակցության 11 անդամի, այդ թվում՝ ղեկավարներին (լուսանկարներ, տեսանյութ)

09:46 • 04.11.16

Թուրքիայում ձերբակալել են քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 11 անդամի, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին, գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:

Սելահաթթին Դեմիրթաշը Twitter-ի իր էջում առաջինն է հայտնել ձերբակալության մասին։ 

«Բռնի ուժով ձերբակալման հրամանով՝ անվտանգության աշխատակիցները Դիարբեքիրի իմ տան դռան դիմաց են»,- գրել էր Դեմիրթաշը: 

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է ընդդիմադիր 11 պատգամավորի ձերբակալության մասին լուրը:

Ժողովրդադեմոկրատական կուսակցության ձերբակալված անդամներն են` Սելահաթթին Դեմիրթաշ, Ֆիգեն Յուքսեքդաղ, Իդրիս Բալուքեն, Սըրրը Սյուրեյյա Օնդեր, Ֆերհաթ Էնջու, Գյուլսեր Յըլդըրըմ, Սելմա Ըրմաք, Զիյա Փիր, Նուրսել Այդողան, Լեյլա Բիրլիք, Աբդուլլահ Զեյդան: 

Ձերբակալման ենթակա անձանց ցուցակում են նաև պատգամավորներ Ֆայսալ Սարըյըլդըզը և Թուղբա Հեզեր Օզթյուրքը, որոնք երկրից դուրս գտնվելու պատճառով դեռևս չեն ձերբակալվել:

Gözaltına alınan milletvekilleri, soruşturmaları yürüten illerdeki cumhuriyet başsavcılıklarına götürülecek

Image result for Demirtas gozaltina alindi

Դեռևս մայիս ամսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովն ընդունել է Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում:


Այժմ մի շարք պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որն ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:


2015 թվականի դեկտեմբերին այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել էր ԺԴԿ-ի քաղաքականությունը և նրա անդամներին մեղադրել ՔԱԿ-ի հետ կապերի համար։

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման իր պատիժն է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։