ԻՊ-ը ստանձնել է Դիարբեքիրի ահաբեկչության պատասխանատվությունը. Reuters

09:45 • 05.11.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեկ թուրքական Դիարբեքիր քաղաքի Բաղլար թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է Reuters գործակալությունը։


Ոստիկանության շտաբ-բնակարանից ոչ հեռու որոտացած պայթյունի հետևանքով գրանցվել է 8 զոհ, 100-ից ավելի վիրավոր: Նշվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է պայթուցիկներով լի մեքենայի պայթեցման միջոցով՝ այն ժամանակ, երբ փողոցը մարդաշատ է եղել:


Աղբյուրը մանրամասնում է, որ ահաբեկչությանը նախորդել էր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամների՝ այդ թվում նաև համանախագահների ձերբակալությունը:


Սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումը:


Հաղորդվում է, որ պայթյունից հետո Դիարբեքիրի տարածքում բախումներ են սկսվել ոստիկանության հատուկ ջոկատների և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման միջև:


ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:


Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։