Ստամբուլում կանցկացվի «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած ու Վանի պատմությանը նվիրված միջազգային կոնֆերանս
Ստամբուլում նոյեմբերի 11-12-ը կկայանա «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած «Վանի և շրջակայքի հասարակական, մշակութային և տնտեսական պատմությունը» վերնագրով միջազգային կոնֆերանսը:
Այս մասին հայտնում է «Հրանտ Դինք» հիմնադրամի պաշտոնական կայքէջը:
Կոնֆերանսն ուղիղ եթերով կհեռարձակվի հիմնադրամի YouTube-յան էջի միջոցով:
«Հրանտ Դինք» հիմնադրամը ստեղծվել է 2007թ.-ին և նպատակ է հետապնդում շարունակելու պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի առաքելությունը, ինչպես նաև աշխատում է Հրանտ Դինքի մասին նյութեր հավաքագրելու և հրատարակելու, Թուրքիայում ժողովրդավարության զարգացմանն աջակցելու և փոքրամասնությունների՝ հասարակության կողմից ընդունելի դարձնելուն նպաստող ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:










