Եթե կարիք լինի, Ստամբուլի հայ համայնքը պետք է սկսի վաճառել իր ունեցվածքը հայկական դպրոցները պահպանելու համար. Կարո Փայլան

19:18 • 09.11.16

Ստամբուլում գործող հայկական դպրոցները վերապրում են ֆինանսական ճգնաժամի բարդ ժամանակաշրջան, որից համայնքը ելքի ճանապարհներ է փնտրում արդեն երկար ժամանակ: 

Ըստ «Ակօսի»՝ չնայած մի շարք հայ բարերարների նվիրատվությունների և բարեգործական ընթրիքների անցկացման, հայկական դպրոցներում առկա խնդիրները դեռևս շարունակում են օրակարգային մնալ համայնքի համար: 

Թերթը գրում է, որ առկա խնդիրների հետևանքով հայկական դպրոցներ չեն այցելում համայնքի շուրջ 2500 հայ երեխաներ, որոնք նախապատվությունը տալիս են այլ, ավելի բարվոք վիճակում գտնվող դպրոցների: 

Երկար տարիներ հայկական դպրոցներում ղեկավար դիրք զբաղեցրած և ներկայում Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ հայկական համայնքը անշարժ գույքի և հողատարածքների տեսքով ունեցած իր ֆինանսական կապիտալը պարտավոր է օգտագործել այս հարցը լուծելու համար: 

Կարո Փայլանը նշել է, որ հայկական դպրոցների համար անհրաժեշտ է նոր, ռեֆորմային մի ծրագիր մշակել, որն առաջիկա առնվազն 10 տարվա ընթացքում կկիրառվի հայկական դպրոցների ղեկավարման, ֆինանսավորման և կրթական ծրագրերի կազմման հարցում և համայնքին ավելի որակյալ կրթություն ստացած նոր սերունդ կտա: 

Փայլանի խոսքով՝ եթե կարիք լինի, Ստամբուլի հայ համայնքը պետք է սկսի վաճառել իր ունեցվածքը հայկական դպրոցները պահպանելու համար:

Նշենք, որ Ստամբուլում գործում է 16 հայկական վարժարան, որոնցից 13-ը մասնավոր են, 3-ն էլ համարվում են համայնքի ընդհանուր սեփականությունը: Այս դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքի զավակները` ներկայացնելով նախ մկրտության թուղթ: Սա կապված է նրա հետ, որ Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտոնապես թուրք են համարվում, իսկ հայերը, հույները և հրեաները համարվում են կրոնական փոքրամասնություն: Ըստ Լոզանի պայմանագրի `կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենին, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզներն ու լազերը: 

Թուրքիայի հայկական վարժարանների մեծ մասը գոյատևում է համայնքի տարբեր բարերարների նվիրատվությունների հաշվին, դրա հետ զուգահեռ՝ դպրոցներ հաճախող հայ աշակերտների թիվն ամեն տարի նվազում է: Դա կապված է թե՛ Կ.Պոլսի հայ համայնքի արտագաղթի, թե՛ վարժարանների ուսման բարձր վարձավճարների հետ (Ստամբուլի հայկական վարժարանների ուսման վարձերը կազմում են տարեկան միջինը 3000 դոլար): 

 

Եթե կարիք լինի, Ստամբուլի հայ համայնքը պետք է սկսի վաճառել իր ունեցվածքը հայկական դպրոցները պահպանելու համար. Կարո Փայլան