Էլիզաբեթ Երկրորդը ներկայացրել է իր նոր դիմանկարը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին Լոնդոնում ներկայացրել է իր նոր դիմանկարը: Այն ծագումով Հյուսիսային Իռլանդիայից նկարիչ Քոլին Դևիդսոնի աշխատանքն է:
BBC-ն գրում է, որ սկզբից Դևիդսոնը ժամանել է Բուքինգհեմյան պալատ և լավ լուսավորությամբ սենյակ ընտրել: Այնուհետև, արդեն թագուհու հետ սեանսի ժամանակ, նկարիչն արել է մոտ 20 էսքիզ և մի շարք լուսանկարներ: Դիմանկարն ավարտին է հասցվել արդեն Դևիդսոնի ստուդիայում:
Նկարչի խոսքով` դիմանկարը ոչ թե պարզապես մեկնաբանություն է, այլ՝ «իռլանդացու մեկնաբանություն»:
«Երկար տարիների ընթացքում ես հետևել եմ թագուհու գործողություններին` ուղղված անգլո-իռլանդական հարաբերությունների վերականգնմանը»,- հավելել է նկարիչը:
Նշվում է, որ Դևիդսոնը նկարել է շատ հայտնի մարդկանց, այդ թվում` քաղաքական գործիչների, դերասանների ու երաժիշտների: Սակայն նկարիչը խոստովանել է, որ Նորին Մեծության դիմանկարի վրա աշխատանքը բացառիկ է եղել:
















