Սնուփ Դոգն օգնություն է խնդրել Կանադա արտագաղթելու համար

17:25 • 10.11.16

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգն Instagram-ի իր էջում օգնություն է խնդրել կանադացի հիփ-հոփ կատարող Դրեյքից Տորոնտոյում բնակություն հաստատելու համար, գրում է lenta.ru-ն:


Նա հրապարակել է քաղաքի լուսանկարը, որն ուղեկցել է հետևյալ գրությամբ. «Իմ նոր տունը: Դրեյք, ինձ ինչ-որ տուն է պետք: Եղբայրներ, գրողի ծոցն ամեն ինչ, տեղափոխվում եմ Տորոնտո»:


Սնուփ Դոգը նաև տեսանյութ է հրապարակել, որում բեմադրել է իր տեղափոխվելը Կանադա: Դրա պատճառը ռեփերն անվանել է ԱՄՆ նախագահի պաշտոնին Դոնալդ Թրամփի ընտրվելը:


Շատ ամերիկացի հայտնի աստղեր, այդ թվում՝ Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Լենա Դանեմը, Էմի Շումերը և Մայլի Սայրուսը, նախկինում հայտարարել են ընտրություններին Թրամփի հաղթանակի դեպքում երկրից հեռանալու ցանկության մասին:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ստացել է ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։ 


Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Հիլարի Քլինթոնը, որն առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից, ընտրությունների ավարտից հետո զանգահարել է հաղթած թեկնածուին ու ընդունել իր պարտությունը:

 

Սնուփ Դոգն օգնություն է խնդրել Կանադա արտագաղթելու համար