Մոսկվայում մեկնարկել են Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի առցանց ընթերցումները (ուղիղ միացում)
Մոսկվայում մեկնարկել են անվանի ռուս գրող Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» հայտնի վեպի առցանց ընթերցումները, որոնց առաջին մասնակիցը Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիայի ռեկտոր, դերասան Իգոր Զոլոտովիցկին է եղել:
ТАСС-ը գրում է, որ իրական ընթերցումների անցկացման վայր են ընտրվել «Մոսֆիլմ» («Мосфильм») կինոընկերության ստուդիան, «Նովի Մանեժ» («Новый Манеж») ցուցահանդեսային տարածքը և «Էլեկտրոդեպո Սոկոլ» («Электродепо Сокол») ստուդիան: Ընթերցումների համար հարթակներ են նախապատրաստվել Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Կազանում, Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Վլադիվոստոկում և Թել Ավիվում:
Աղբյուրը մանրամասնում է, որ առցանց ընթերցումների մասնակիցներն են ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ՌԴ նախագահի մշակութային գծով խորհրդական Վլադիմիր Տոլստոյը, Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինան, օլիմպիական չեմպիոն Սվետլանա Խորկինան, դերասանուհիներ Ալյոնա Խմելնիցկայան, Յուլիա Ռուտբերգն ու այլ հայտնի անձինք: Նրանց կմիանան Բուլգակովի ստեղծագործության երկրպագուները, որոնք անցել են հատուկ ընտրությունը:
Ընթերցումների ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել YouTube-ում և նախագծի կայքում։
Նշվում է, որ ակցիան կավարտվի նոյեմբերի 12-ին` մոսկովյան ժամանակով ժամը 22:00-ին:










