Ջեքի Չանը պատվավոր «Օսկար» է ստացել

19:44 • 13.11.16

Հայտնի դերասան Ջեքի Չանը դարձել է «Օսկար» կինոմրցանակի դափնեկիր կինոարվեստում ունեցած ավանդի համար: Այս մասին հաղորդվում է Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի Twitter-ի էջում:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունն անցկացվել է շաբաթ Լոս Անջելեսում: «200 ֆիլմերից, այդքան կոտրված ոսկորներից հետո այն («Օսկարը») իմն է», - ասել է 62-ամյա դերասանը մրցանակն ստանալիս:

Ջեքի Չանը, նկարահանվելով մարտաֆիլմերում, հաճախ ինքնուրույն է կատարում բարդ հնարքները կասկադյորների փոխարեն, ինչի հետևանքով հոնկոնգցի դերասանը բազմիցս վնասվածքներ ու կոտրվածքներ է ստացել նկարահանումների ժամանակ:

Չանի հետ միասին հեղինակավոր արձանիկն ստացել են նաև վավերագրող Ֆրեդերիկ Ուայզմանը, մոնտաժող Էնն Քոութսը և դերասանների ընտրությամբ զբաղվող ռեժիսոր Լինն Ստալմասթերը:

Ջեքի Չանը ոչ միայն դերասան է, այլև ռեժիսոր, պրոդյուսեր, երգիչ և սցենարիստ:

 

Ջեքի Չանը պատվավոր «Օսկար» է ստացել