Ստամբուլում գրքի միջազգային ցուցահանդեսին ներկայացված են Հայոց ցեղասպանության մասին գրքեր (տեսանյութ, լուսանկարներ)
Թուրքիայում մեկնարկել է Ստամբուլի գրքի 35-րդ միջազգային ցուցահանդեսը, հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 800 հրատարակչություն և հասարակական կազմակերպություն ամբողջ աշխարհից:
Միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաև Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը, որի տաղավարում հիմնականում թուրքերենով ներկայացված են Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև հայոց պատմությանն ու մշակույթին առնչվող բազմաթիվ գրքեր:
«Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար «պատուհան» դառնալ դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:















