«Մի ժամանակ Իզմիթում հայեր կային». «Հրանտ Դինք» հիմնադրամը նոր գիրք է հրատարակել (լուսանկարներ)

18:57 • 14.11.16

Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամը հրատարակել է նոր` «Մի ժամանակ Իզմիթում հայեր կային» վերտառմամբ գիրք, որը կազմվել է հիմնադրամի` բանահյուսական նախագծերի համակարգող Ֆերդա Բալանջարի կողմից գրի առնված 9 ընտանեկան պատմությունների հիման վրա:

Այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Հայ Թերթը»:

Գրքում տեղ են գտել նաև Իզմիթի հայերի ֆոլկլյորին պատկանող ժողովրդական երգեր:

«Մի ժամանակ Իզմիթում հայեր կային» գրքի նախաբանը կազմվել է Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանություն» գրքի «Իզմիթի սանջակում իրականացված աքսորը» բաժնի հիման վրա:

Գրքում իրենց ընտանեկան պատմությունները կիսած հայուհիներից մեկը պատմում է, որ իր մայրը Դեր Զորի աքսորից ետ է դարձել և կրկին բնակություն հաստատել Իզմիթի մոտակայքում գտնվող իրենց գյուղում:

«1943թ.-ին Ստամբուլում եմ ծնվել: Մայրս Իզմիթի Քարամյուրսել շրջանի Մերդենգյոզ գյուղից էր: Հայրիկս յոզղատցի հայ էր: Մերդենգյոզի անունը «Մարդինգյոզ»-ից է գալիս. այդ գյուղի հայերը 18 կամ 19-րդ դարում գաղթել են Մարդինից: Նոր թուրքական անունը Ավջըլար է: Գյուղում ոչինչ չեն ավելացրել կամ պակասեցրել, միայն հայկական դպրոցը ավերել են ու մզկիթ սարքել: Գյուղի սկզբնամասում մինչև հիմա կողպեքը չնորոգված տներ կան: Այդպես մարդիկ թողել գնացել են, մի գիշերում... Ավելի ուշ գյուղում թուրք գաղթականներ են բնակեցվել Բալկաններից: Մայրս շատ էր սիրում իր գյուղը: Դրա համար մինչև մահը` 1982թ.-ը, այցելում էր գյուղ: Այդ տարիներին գյուղում միայն մեկ կին էր մնացել հայերեն իմացող: Այդ կինը մեզ հետ հայերեն էր խոսում»,- պատմում է զրուցակիցը:

Image result for izmit ermenileri

Image result for birzamanlar izmitte ermeniler vardi

Image result for izmit ermenileri

Նշենք, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը ստեղծվել է 2007թ.-ին և նպատակ է հետապնդում շարունակելու պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի առաքելությունը, ինչպես նաև աշխատում է Հրանտ Դինքի մասին նյութեր հավաքագրելու և հրատարակելու, Թուրքիայում ժողովրդավարության զարգացմանն աջակցելու և փոքրամասնությունների՝ հասարակության կողմից ընդունելի դարձնելուն նպաստող ծրագրերի իրականացման ուղղությամբ: 

«Մի ժամանակ Իզմիթում հայեր կային». «Հրանտ Դինք» հիմնադրամը նոր գիրք է հրատարակել (լուսանկարներ)