Ավելի քան 54 մլն դոլար. Sotheby’s-ը վաճառել է Մունկի կտավներից մեկը
Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը 54.5 մլն դոլարով վաճառել է նորվեգացի հայտնի նկարիչ Էդվարդ Մունկի «Աղջիկները կամրջի վրա» կտավը, ինչի մասին հայտնում է cbc.ca-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ աճուրդը կայացել է Նյու Յորքում: Հայտնի է, որ Sotheby’s-ի մասնագետներն արվեստի գործը գնահատել էին 50 մլն դոլար:
Նշվում է, որ կտավը նկարվել է Մունկի կողմից անչափ սիրված Օսգորստրանդում, որտեղ նկարիչն անցկացնում էր յուրաքանչյուր ամառ:
Հետաքրքրական է, որ 1902թ. նկարված կտավն առաջին անգամ աճուրդով վաճառվել է 1997թ.` 7.7 մլն դոլարով, այնուհետև 2008թ.`30.8 մլն-ով:
Հիշեցնենք, որ տաղանդաշատ նորվեգացու ամենաթանկ վաճառված կտավն է համարվում հանրահայտ «Ճիչը», որի համար 2012թ. վճարվել է 119.9 մլն դոլար:










