Սոցցանցերում կառավարության գործունեության մասին վճարովի գրառումներ կատարելու մասին լուրից հետո ՊՈԱԿ-ի ղեկավարի հեռախոսն անջատված է

11:13 • 16.11.16

ՀՀ կառավարությունն արդեն 11 ամիս է՝ վճարում է որոշ մարդկանց՝ սոցիալական ցանցերում կառավարության գործունեության մասին գրառումներ կատարելու համար: Armtimes.com-ի տեղեկություններով մեկ գրառման կամ նմանատիպ վերլուծության արժեքն է 15 հազար 100 դրամ: Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ղեկավարն է Տիգրան Աբրահամյանը, այս տարի պետբյուջեից ստացել է 191 միլիոն դրամ:

Համաձայն կառավարության աշխատակազմի հետ կնքված պայմանագրի, այս ՊՈԱԿ-ը պարտավոր է կատարել հեռուստահաղորդումների, էլեկտրոնային կայքերի, հանրապետական թերթերի, սոցիալական ցանցերի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկատվության մշակում և ամփոփել համառոտ տեղեկանքում:

Տարվա 12 ամսվա ընթացքում 2 300 հրապարակում է արվում, որոնցից յուրաքանչյուրի միջինացված գինը սահմանված է 17 հազար 140 դրամ: Այս աշխատանքի համար նախատեսված է ընդհանուր 39 միլիոն 422 հազար դրամ:

Tert.am-ը փորձել է ճշտել, թե տեղեկատվական և վերլուծական բնույթ կրող գրառումներ կատարելը նույն է, ինչ սոցցանցերում ստատուս գրե՞լը, սակայն կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Տիգրան Աբրահամյանը երեկ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ այսօր արդեն նրա երկու հեռախոսահամարներն էլ անջատված են: