Միշել Օբամային «բարձրակրունկներով կապիկ» անվանելու սկանդալում ներքաշված քաղաքապետը հրաժարական է տվել

15:03 • 16.11.16

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Քլեյ քաղաքի քաղաքապետ Բևեռլի Ուելինգը ստիպված է եղել հրաժարական տալ երկրի առաջին տիկին Միշել Օբամայի հասցեին արված ռասիստական մեկնաբանությանը դրական արձագանքելուց հետո:


Ինչպես հայտնում է BBC-ն, Ուելինգին դուր էր եկել Facebook սոցկայքի օգտատերերից մեկի գրառումը, որում Միացյալ Նահանգների առաջին տիկնոջը «բարձրակրունկներով կապիկ» էին անվանել:


Նշվում է, որ քաղաքապետի հրաժարականի համար խնդրագիրը հավաքել է 170.000 ստորագրություն:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Քլեյ քաղաքի ոչ առևտրային կազմակերպություններից մեկի ղեկավար Փամելա Ռեմզի Թեյլորն ԱՄՆ նախագահի պաշտոնում հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո սկանդալային գրառում է արել Facebook սոցկայքում՝ վիրավորելով առաջին տիկին Միշել Օբամային:


«Այնքան զիլ կլինի Սպիտակ տանն ունենալ նրբաճաշակ, գեղեցիկ և ծանրաբարո առաջին տիկին: Ես արդեն հոգնել եմ բարձրակրունկներ կրող այդ կապիկին տեսնելուց»,- գրել է Թեյլորը՝ նկատի ունենալով Միշել Օբամային:


Իրավիճակը թեժացրել է այն փաստը, որ գրառման տակ մեկնաբանություն է թողել Քլեյի քաղաքապետը:


«Փե՛մ, գրածդ ուղղակի սպանեց ինձ»,- գրել էր քաղաքապետը:


Մինչդեռ գրառման հեղինակն արդեն ներողություն է խնդրել թույլ տված վիրավորանքի համար: