Ասադը չի բացառել Թրամփի՝ Սիրիայի դաշնակիցը դառնալու հավանականությունը

09:25 • 16.11.16

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը  Radio e Televisao de Portugal-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը դեռևս որևէ ակնկալիք չունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից:


Միևնույն ժամանակ, Ասադն ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքար սկսելու դեպքում 70-ամյա հանրապետականն ինքնըստինքյան կդառնա Սիրիայի դաշնակիցը:


«Եթե նա (Թրամփը-Tert.am) մտադիր է պայքարել ահաբեկչության դեմ, ապա մենք ինքնըստինքյան դաշնակիցներ կդառնանք այս հարցում, որի շրջանակում համագործակցում ենք նաև Ռուսաստանի, Իրանի և ահաբեկիչներին վերացնել ցանկացող այլ երկրների հետ»,-մեջբերում է gazeta.ru-ն Սիրիայի նախագահի խոսքերը:


Ասադը նկատել է, որ անհրաժեշտ է սպասել ևս 2 ամիս, մինչև Թրամփը պաշտոնապես ստանձնի նախագահի լիազորություններն ու պարտավորությունները:


Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցը:


Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: