BBC-ն առաջին անգամ կհեռարձակվի Հս. Կորեայում
Բրիտանական հանրահայտ BBC հեռուստառադիոկորպորացիայի միջազգային լուրերի ծառայությունը (BBC World Service) առաջին անգամ իր հաղորդումները կհեռարձակի աշխարհի ամենափակ ռեժիմներից մեկում՝ Հյուսիսային Կորեայում:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:
«BBC-ի համար սա պատմական օր է»,- նշել է հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն Թոնի Հոլը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2017թ. գարնանից ամեն օր՝ վաղ առավոտյան և ուշ երեկոյան, Հյուսիսային Կորեայի բնակիչները կկարողանան ռադիոյով լսել լուրերի 30 րոպեանոց թողարկում: Բացի այդ, կներկայացվի նաև առցանց հարթակ, որում հնարավոր կլինի գտնել տարբեր հաղորդումների տեքստերը, տեսաձայնագրություններն ու դրանց վերաբերող այլ նյութեր:
Հայտնի է նաև, որ հեռարձակումը չի իրականացվելու Հյուսիսային Կորեայի տարածքից:










