Բելգիան կարող է 6 երկրի քաղաքացիներին զրկել ապաստան ստանալու հնարավորությունից

15:00 • 16.11.16

Ապաստանի և միգրացիայի տրամադրման հարցերով բելգիացի պետքարտուղար Տեո Ֆրանկենը մտադիր է 2017 թվականին բնակիչների համար անվտանգ երկրների ցանկում ներառել վեց նոր պետություն, ինչը զգալիորեն կնվազեցնի այդ երկրների քաղաքացիների՝ Բելգիայում ապաստան ստանալու հնարավորությունը: Այդ մասին հայտնել են Het Laatste Nieuws և De Morgen թերթերը:


Այժմ այդպիսի անվտանգ երկրների ցանկում են ներառված Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Հնդկաստանը, Կոսովոն, Մակեդոնիան, Սերբիան և Չեռնոգորիան (Մոնտենեգրո):


Ֆրանկենը պատրաստվում է դրանց ավելացնել երեք հյուսիսաֆրիկյան երկիր՝ Ալժիրը, Մարոկկոն և Թունիսը, ինչպես նաև Բենինը, Մոլդովան և Սենեգալը: Պետքարտուղարն այդ հարցի վերաբերյալ խնդրել է փախստականների հարցերով գլխավոր քարտուղարության եզրակացությունը:


ԶԼՄ-ները նշում են, որ Ֆրանկենն առաջին անգամ չէ, որ պատրաստվում է ներառել Ալժիրը, Մարոկկոն և Թունիսն անվտանգ երկրների ցանկում, բայց փախստականների հարցերով գլխավոր քարտուղարությունը մինչ այժմ դեմ է եղել: Այնուամենայնիվ, նրա եզրակացությունը պարտավորեցնող չէ:


Մասնավորապես՝ այս տարվա հուլիսին պետքարտուղարը չի հետևել գլխավոր քարտուղարի կարծիքին, երբ անվտանգ երկրների ցանկում ներառել է Վրաստանը: