Շատերը կարծում են, որ «Խտրականության դեմ օրենքի» ընդունումը կխթանի նույնասեռականությունը. քննարկում
Այսօր Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված հրավիրվել էր քննարկում «Խտրականության դեմ օրենքի նախագծի» թեմայով: «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը նշեց, որ խտրականության դեմ պայքարի հարցում միայն օրենքի ընդունմամբ սահմանափակվել պետք չէ, թեև դրա ընդունումը շատ կարևոր է: Նա նշեց, որ օրենքի նախագիծը լայն, համապարփակ մոտեցումներ է առաջադրում, և Արդարադատության նախարարությունը ներքին քննարկումից հետո կներկայացնի այն հասարակությանը:
«Բացի օրենքից, կարևոր է մեդիայի հետ աշխատանքը, եթե այն ներկայացվի որպես մարգինալ, ծայրահեղ, ազգային արժեքները խաթարող օրենք, ինչը հաճախ տեսնում ենք այլ օրենքների պարագայում, այդ օրենքը կլինի վատ օրենք բոլորիս համար: Եթե ներկայացվի համապարփակ, լայն, հասկանալի, որ ամեն մի քաղաքացի, օրենքն ընդունող պատգամավորը պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը, շանսերը ավելի մեծ են, որ այն կընդունվի»,-ասաց նա:
Ըստ նրա՝ օրենքի պարագայում կարող է խնդիր լինել Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի հետ կապված դրույթը, քանի որ հնարավոր չէ խտրականությունն արգելող օրենքի մեջ դնել խտրական եզր: Նա նշեց, որ այդ օրենքը համարում են նաև հավասարության օրենք:
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի ընդունումը խնդրահարույց կարող է լինել այն առումով, որ հասարակությունը կունենա թույր կարծիք, թե այս օրենքը ընդունվում է, որ նույնասեռական անձիք հասարակության մեջ ունենան գերիշխող դիրք: Նա ասաց, որ այդ կարծիքին հանդիպել են իրենց հանդիպումների մեջ, և շատերը նշել են, որ օրենքի ընդունումը կխթանի նույնասեռականությունը:
«Մենք շահագրգռված ենք, որ այս օրենքը ընդունվի, ոչ թե նրա համար, որ նույնասեռականությունը շատանա, այլ որ նույնասեռական մարդիկ ունենան հավասար հնարավորություններ»,-ասաց նա:
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համակարգող, իրավաբան Անահիտ Չիլինգարյանը նշեց, որ խտրականությունից պաշտպանության հարցում օրենսդրական բացեր կան, ինչը խոչընդոտներ է առաջացնում:
«Եթե օրենսդրական բոլոր կարգավորումները պատշաճ ձևով սահմանվեն, կբարձրանա մարդկանց պաշտպանվածությունը: Սակայն դա կախված է նրանից, թե որքան մարդիկ շահագրգռված կլինեն դիմել խտրականության իրավունքի պաշտպանությանը, և իրավապահ մարմինները, դատարանները պատրաստ կլինեն լուծում տալ խնդրին»,-ասաց նա և նշեց, որ օրենքն այն բազան է, որի վրա կկառուցվեն մյուս աշխատանքները:
Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի համակարգող, իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանը համարում է կանանց նկատմամբ խտրականությունը խորքային, համակարգային առումով առկա իրողություն:
«Կարծում եմ, որ խտրականությունը շատ տարածված է յուրաքանչյուրիս նկատմամբ, և շատերի համար դա վերածվում է կրկնակի, բազմակի հիմքերով խտրականության»,-ասաց նա և նշեց, որ խտրականության առկա դրսևորումներից է ընտանեկան բռնությունը, սեռով պայմանավորված հղիության կասեցումները:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» քաղաքացիական հասարակության ծրագրի համակարգող Հայկ Աբրահամյանը նշեց, որ օրենքը որևէ խմբի հավելյալ իրավունքներ չի տալու:
«Հասարակական կազմակերպությունների շնորհիվ ավելի շատ է արծարծվել նույնասեռականների իրավունքների մասին քննարկումները, ինչն ավելի լավ է, քան ընդհանրապես չքննարկելը»,-ասաց նա:










