Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարարը հայտնել է նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկության մասին
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը չորեքշաբթի պաշտոնապես հայտարարել է 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին, հայտնում է Le Figaro-ն:
«Ես առաջադրում եմ իմ թեկնածությունը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում»,- ասել է Մակրոնը ֆրանսիական Բոբինյի քաղաքում: «Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել հաջողության, Ֆրանսիան կկարողանա հասնել հաջողության»,- նշել է նա:
«Ես վստահ եմ, որ մեր երկիրն ունի առաջ շարժվելու ուժ և ցանկություն»,- հավելել է նա:
Անցած շաբաթ ֆրանսիական ԶԼՄ-ները, վկայակոչելով էկոնոմիկայի նախկին նախարարի շրջապատին, հայտնել են, որ նա որոշում է կայացրել մասնակցել երկրի նախագահի պաշտոնի համար պայքարին:
Մակրոնը նախարար էր նշանակվել 2014 թվականին, իսկ 2016 թվականի ամռանը հրաժարական է տվել: Դրանից հետո նա հանդես է եկել երկրի ներկայիս կառավարությանն ուղղված քննադատությամբ և սեփական շարժումն է հիմնել:










