Հունաստանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Օբամայի այցի պատճառով (լուսանկարներ)
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցի կապակցությամբ անցկացվել է բողոքի ակցիա, որը վերաճել է զանգվածային անկարգությունների:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Աթենքի կենտրոնում հավաքված ցուցարարներն իրավապահների ուղղությամբ դյուրավառ նյութերով լի շշեր են նետել: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել անկարգություններին վերջ տալու համար: Հաղորդվում է մի քանի ձերբակալվածի մասին:
Լրագրողների ունեցած տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 7.000 մարդ և, չնայած ոստիկանության արգելքին, նրանք երթ են կազմակերպել դեպի Միացյալ Նահանգների դեսպանատուն:
Աղբյուրը մանրամասնում է, որ ցուցարարներն այսպես իրենց բողոքն են արտահայտել նրա դեմ, որ ԱՄՆ-ն առանցքային դերակատարում ունի Հունաստանի պարտքերի կուտակման գործում, ինչպես նաև նպաստում է Մերձավոր Արևելքում ճգնաժամի խորացմանը, ինչն էլ հանգեցնում է ապօրինի ներգաղթյալների հոսքի ավելացմանը:
Հիշեցնենք, որ Օբաման 2-օրյա այցով Հունաստան է ժամանել նոյեմբերի 15-ին:



















